Թուրքիայում վճռաբեկ 9-րդ դատարանը Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործով դատարանի կայացրած վճռի կետերից մեկը բեկանել է։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ վճռաբեկ 9-րդ դատարանի որոշման մեջ Դինքի սպանության գործով դատապարտվածներին վերագրվել է «զինված հանցանք գործելու համար կազմված խմբավորման անդամներ» մեղադրանքը։ Ավելի վաղ, դատարանի որոշման մեջ չկար զինված խմբավորման անդամներ լինելու մասին որոշում, ինչը թեթեւացրել է մեղավորների պատիժները։

Վճռաբեկը միեւնույն ժամանակ հաստատել է Դինքի սպանության ուղղորդողներից Յասին Հայալի նկատմամբ դատարանի կայացարած ցմահ ազատազրկման դատապարտելու որոշումը։

Նշենք, որ 2012-ի հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:

Դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով 19 մեղադրյալների վրայից հանվեց ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը։