Մայիսի 11-ին տնից դուրս եկած եւ երեկ հայտնաբերված 18-ամյա Արմեն Մուրադյանը կտրել է իր երակները: NEWS.am-ի տեղեկություններով` երիտասարդին տրվել է դատաբժշկի ուղեգիր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ երիտասարդը ոչ թե կորել էր, այլ պարզապես գնացել էր աղջիկների հետ ժամանակ անցկացնելու, եւ ծախսելով փողերը` վախեցել էր վերադառնալ, քանի որ կարծում էր, թե ծնողները կբարկանան:
Նշենք, որ լրատվամիջոցներում տարբեր տեղեկություններ էին շրջանառվում երիտասարդի կորելու մասին: Մասնավորապես, տան մոտ հավաքված ընկերներից մեկը «Ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ ամբողջ ճանապարհին Արմենը չի խոսել, շոկի մեջ է եղել. «Խոսքը կցկտուր էր, անհասկանալի, միայն իր մորն ու հորն էր ուզում»:
«Իսկ ահա, ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներն էլ փոխանցել են, որ հաստատ Արմենը զվարճանքի համար չէր գնացել, որ նրան, ըստ էության, առեւանգել էին»,- գրել էր «Ժամանակը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երիտասարդը դուրս է եկել տնից մայիսի 11-ի առավոտյան: Վերջին անգամ նրան տեսել էին Շրջանայինում՝ նույն օրը առավոտյան 10-ի սահմաններում:
Ոստիկանությունից հայտնել էին, որ եղբայրը դիմել էր Ոստիկանության Կենտրոնի բաժին, ձեռնարկվում էին համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Մայիսի 14-ին նա հայտնաբերվել էր:




























