Նոր մանրամասներ են բացահայտվել Սումգայիթ քաղաքի №17 միջնակարգ դպրոցի աշակերտ Ազադ Իլյասովի մահվան վերաբերյալ:
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ միջադեպի ականատես Թամերլան Մուսթաֆաեւը հայտնել է, որ այդ օրն ինքը եւս ուշացել էր, իրեն եւ Ազադին պատժել էին, եւ իրենք փախել էին դասերից: Ըստ աշակերտի` դպրոցի տնօրինությունը տեղյակ էր պատժի մասին: Թամերլանը պնդում է, որ վազքի տեսքով պատժի գաղափարը տնօրեն Նարգիլա Սաֆարովան է հուշել: Նա հավելել է, որ ուշացման համար սովորաբար աղջիկներին ստիպում են 10 շրջան վազել, իսկ տղաներին` 20: Հիշեցնենք, որ ավելի վաղ դպրոցի ղեկավարությունը հերքել էր նման կարգի առկայությունը:
Մայիսի 13-ի առավոտյան Սումգայիթում դասերի ընթացքում մահացել էր №17 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ազադ Իլյասովը: Ըստ ականատեսների` Իլյասովն այդ օրն ուշացել էր դասից, այդ պատճառով ուսուցիչը որոշել էր պատժել՝ ստիպելով վազել դպրոցի բակում: Վազքի ժամանակ Իլյասովը հանկարծակի ընկել է:
Թեեւ բժիշկ էր կանչվել, աշակերտին փրկել չԷր հաջողվել: Լրագրողները փորձել էին կապ հաստատել №17 դպրոցի ղեկավարության հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանած պահակը հայտնել էր, որ դպրոցում ոչ ոք չկա:



























