Ես անում եմ իմ ուժերից եկած ամեն ինչ՝ մեր մեծ հարեւանի հետ հարաբերությունները բարելավելու համար: Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակը ձեռնտու չէ, ոչ Վրաստանին, ոչ Ռուսաստանին: «Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք կորցրել ենք մեր տարածքի 20 տոկոսը եւ անում ենք հնարավորը, որպեսզի վերականգնենք մեր դիրքերը: Միաժամանակ, ստեղծված իրավիճակը հարմար չէ նաեւ Ռուսաստանի համար: Կրկնվեմ՝ մենք պատրաստվում ենք վերականգնել կորցրած տարածքները, բայց միայն (հատուկ դա շեշտում եմ) խաղաղ բանակցությունների միջոցով»,-ասել է նա:
Խոսելով Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, Իվանիշվիլին նկատել է. «Նրանք մեզ շատ լավ օրինակ ցույց տվեցին»:
Անդրադառնալով 2008-ի օգոստոսյան դեպքերի հետաքննությանը եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարություններին, որ դա ռուսական սցենար է, Իվանիշվիլին հայտարարել է. «Դա Սահակաշվիլիի ոճն է, նա ամեն բան գցում է Ռուսաստանի վրա, ինչն անձամբ իրեն դուր չի գալիս: Նման քաղաքականությունը նա վարում է 9 տարի: Դա, ինչպես տեսնում ենք, մեզ փակուղի է մտցրել: Ես ճիշտ եմ համարում հետաքննության անցկացումը, մարդկանց դա հետաքրքիր է, նրանք պետք է իմանան, թե ինչպես է ամեն ինչ եղել»:
Իվանիշվիլին կարծում է, որ հնարավոր է լավ հարաբերություններ ունենալ երկու կողմերի՝ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հետ՝ հիմնվելով Եվրոպայի օրինակների վրա, իսկ Սահակաշվիլին չափազանցնում է՝ հայտարարելով, որ դա անհնար է:
Վրաստանի վարչապետի գնահատմամբ՝ Վրաստանը երկու տարի անց կարող է առավելագույնս մոտենալ Եվրոպայի շեմին:




























