Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2013 թ. մայիսի 14-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%:  Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

ԿԲ հաղորդագրության մեջ նշված է, որ 2013 թ. ապրիլին արձանագրվել է 0.1% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3.9%՝ գրեթե համընկնելով գնաճի նպատակային ցուցանիշի հետ: ՀՀ ԿԲ գնահատումների համաձայն՝ մինչեւ երկրորդ եռամսյակի վերջ 12-ամսյա գնաճը կավելանա՝ գտնվելով տատանման թույլատրելի միջակայքի վերին հատվածում, իսկ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ:

ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ համաշխարհային պահանջարկը մնում է ցածր, եւ հիմնական հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում երկրորդ եռամսյակի սկզբին նկատվել են գնանկումային դրսեւորումներ:

Նշվել է, որ կարճաժամկետ հատվածում ակնկալվում է գյուղատնտեսական ապրանքների գների որոշակի աճ՝ պայմանավորված նախորդ տարում դրսեւորված գյուղատնտեսության առաջարկի շոկի մարմամբ, ինչը կչեզոքացնի գնաճի վրա արտաքին հատվածից սպասվող գնանկումային ազդեցությունը:

Միեւնույն ժամանակ, 2013թ. առաջին եռամսյակում ՀՀ տնտեսությունում տնտեսական ակտիվությունը շարունակել է մնալ բավականին բարձր՝ պայմանավորված հիմնականում արդյունաբերության եւ ծառայությունների (հատկապես առեւտրի ծավալների) բարձր աճերով, ինչն էլ այս եռամսյակ եւս ուղեկցվել է մասնավոր սպառման բարձր աճով: Վերջինիս ազդեցությունը ներքին գների վրա հիմնականում մեղմվել է առաջին եռամսյակում Կառավարության կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրի բազային սցենարի համեմատ առավել զսպող հարկաբյուջետային քաղաքականությամբ:

Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը: Այդ պարագայում գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կպահպանվի 4.0% նպատակային ցուցանիշի շրջակայքում:

Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ կարճաժամկետ հատվածում հնարավոր են գնաճային ռիսկեր՝ կապված վերջին օրերին եղանակային վատ պայմանների՝ գյուղատնտեսության վրա ունեցած ազդեցության եւ էներգակիրների սակագների հավանական վերանայման հետ: Այս ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ խորհուրդը չի բացառում տոկոսադրույքի հետագա ճշգրտման հնարավորությունը: