Ավստրիայի նախագահ հայնց Ֆիշերը «ուշագրավ» է համարում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերին պատրաստվում է ավելի շատ դիտորդների թողնել ընտրություններին: Այդ մասին գրում է Die Presse-ը` լուսաբանելով Ալիեւի այցը Ավստրիա:

Թերթի խմբագրականի հեղինակի խոսքով, Ավստրիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցել է «ինչպես հին բարեկամների հանդիպում»: Միեւնույն ժամանակ, ըստ թերթի, Amnesty International-ը մեղադրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «քննադատների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ»:

«Կառավարության դեմ ցույցերը ցրում են, ռեժիմի հակառակորդները նստած են բանտում: Այդ թվում եւ` ընդդիմության երկու առաջնորդները, որոնցից մեկը պատրաստվում էր իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում»:

Նախագահները զրուցել են մարդու իրավունքների մասին, ստորագրել «բարեկամական հարաբերությունների մասին պայմանագիր», որում ի թիվս այլ դրույթների խոսվում է իրավական պետության ամրապնդման մասին, մեջբերում է «Ինոպրեսան»:

Առաջին հերթին Ավստրիային եւ նավթով հարուստ Ադրբեջանին կապում է տնտեսությունը: «Վիեննան հույս ունի, որ Nabucco կոնսորցիումը կհաղթի ադրբեջանական գազի համար պայքարում»,- ասվում է հոդվածում: