Մայիսի 12-ին տեղացած կարկուտի պատճառած վնասի, ինչպես նաեւ գյուղացիներին օժանդակություն տրամադրելու վերաբերյալ քիչ առաջ կառավարությունում՝ վարչապետի մոտ խորհրդակցություն է հրավիրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնի է դարձել կառավարության աղբյուրներից: Համապատասխան մարմինների պատասխանատուներին հանձնարարվել է հստակ միջոցառումներ ձեռնարկել գյուղացիներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, կազմել համապատասխան ցանկը եւ ներկայացնել վաղվա նիստին: Նշենք, որ կառավարության վաղվա նիստի օրակարգի առանցքային հարցը սա է լինելու: Նախատեսված է ծավալուն քննարկում:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ մայիսի 12-ին տեղացած կարկուտը Արմավիրի մարզում լրջորեն վնասել է 40 համայնքների հողատարածքներ` մոտ 15-16 հազ. հա: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը NEWS.am-ին հայտնել էր, որ մյուս մարզերում եւս եղել են վնասներ, սակայն դրանք համեմատելի չեն Արմավիրի մարզի կորուստների հետ, ուստի կառավարությունը քննարկելու է միայն Արմավիրի մարզի համայնքներին օգնություն տրամադրելու հարցը:

Այդ նպատակով ստեղծվել են մարզային եւ համայնքային հանձնաժողովներ, որոնք հատուկ ձեւաթղթերի վրա լրացնում են տուժած գյուղացիների անունը, հողատարածքը, գյուղատնտեսական կուլտուրայի տեսակն ու վնասի չափը: Արդյունքները կամփոփվեն հանրապետական հանձնաժողովում, ու դրա հիման վրա կարվեն առաջարկություններ: Գ. Պետրոսյանի խոսքով` հանձնարարվել է տեղերում արագացնել աշխատանքները:

Հակակարկտային կայանների աշխատանքի հետ կապված Գ. Պետրոսյանը, հիմնվելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանի տեղեկությունների վրա, ասաց, որ կարկտաբեր են եղել 2 հզոր ամպ` 1-ը մեծ, մյուսը համեմատաբար փոքր: Հակակարկտային կայաններն աշխատել են, սակայն արդյունավետությունը մեծ չի եղել, քանի որ կարկտաբեր հոսքը շատ հզոր է եղել: Ըստ Գ. Պետրոսյանի` մասնագետները դեռ պետք է լրջորեն քննարկեն, թե հակակարկտային կայաններն ինչ ինտենսիվությամբ, ժամկետում եւ հաճախականությամբ են աշխատել: