Հանգստյան օրերին Հայաստանում թանկացել է կաթնամթերքը: Այդ մասին են վկայում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկ եւ այսօր իրականացրած մոնիտորինգի արդյունքները:
ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը NEWS.am-ին ասաց, որ կաթնամթերքի 20-25 դրամ թանկացումներ են արձանագրվել մոնիտորինգի տակ ընկած համարյա բոլոր առեւտրային ցանցերում: Այսպես՝ «Երեւան սիթիում» 18% յուղայնությամբ «Աշտարակ կաթի» 200 գրամանոց թթվասերը 215 դրամից դարձել է 235 դրամ, «Մարիաննայի» նույն տարողությամբ 20 % -անոց թթվասերը 205 դրամից դարձել է 230 դրամ: Կաթի լիտրը 380 դրամից բարձրացել է մինչեւ 400 դրամ:
«Սթար» սուպերմարկետում «Աշտարակ կաթի» 1 լիտր կաթը նախկին 390 դրամի համեմատ վաճառվում է 410 դրամով, մածունի գինը («Աշտարակ կաթ» եւ «Մարիաննա») 270-ից բարձրացել է մինչեւ 290 դրամ: Մածունի գինը չի փոխել «Չանախ» ընկերությունը:
NEWS.am-ի դիտարկումները ցույց տվեցին նաեւ, որ ավելի մեծ չափով տարբեր խանութներում թանկացել է կաթնաշոռը՝ 40-50 դրամով:
Գ. Սահակյանը հայտնեց, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները թանկացումը պայմանավորում են կաթի մթերման գնի թանկացմամբ եւ ներկրվող հումքի թանկացմամբ: ՏՄՊՊՀ-ն ներկայում ուսումնասիրություն է սկսել կաթնամթերքի շուկայում, եւ հարցում է ուղարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ մթերվող կաթի գնի դինամիկայի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:




























