«Հայոց Համազգային Շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Հայոցյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ լրատվամիջոցներին խնդրում է «ՀՀՇ» անվանումը օգտագործել միայն իրենց ՀԿ-ի մասով:

Հաղորդագրությունում ասվում է.

«2013թ.-ի մայիսի 14-ի հրապարակումներում լրատվության որոշ միջոցներ, լուսաբանելով մի խումբ մարդկանց մամլո ասուլիսը, օգտագործել են  «ՀՀՇ» անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը:

Ի գիտություն բոլոր լրատվամիջոցների հայտնում ենք հետեւյալը`

1. «ՀՀՇ» անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը պատկանում են «Հայոց Համազգային Շարժում» հ/կ-ին եւ գրանցված են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 26.03.2013թ.-ին (գրանցման համար` 211.171.760952):

2. Առանց «ՀՀՇ» հ/կ-ի համաձայնության «ՀՀՇ» անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը օգտագործելը համարվում է «Կուսակցությունների մասին» եւ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների խախտում:

Ուստի, խնդրում ենք բոլոր լրատվամիջոցներին իրենց հրապարակումներում եւ հաղորդագրություններում «ՀՀՇ» անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը օգտագործել միմիայն «ՀՀՇ» հ/կ-ի պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները հրապարակելիս կամ «ՀՀՇ» հ/կ-ի գործունեությանն առնչվող տեղեկատվություն տարածելիս»:

Հիշեցնենք, որ ՀՀՇ-ի՝ ՀԱԿ կուսակցության մեջ մտնելուց հետո, նախկին ՀՀՇ-ականներ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը եւ Հովհաննես Իգիթյանը հայտարարեցին, որ մտադիր են վերածնել ՀՀՇ կուսակցությունը եւ գրանցել այն Արդարադատության նախարարությունում: Նրանք հայտարարել են, որ մինչեւ աշուն կգրանցեն կուսակցությունը եւ համագումար կանցկացնեն: