Հայաստանը պետք է գազ ստանա այն գնով, որը կխթանի տնտեսությունը: Մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` մեկնաբանելով գազի գնի թանկացման «Հայռուսգազարդի» հայտը:

Նրա խոսքով,  գազի գնի թանկացումը անխուսափելիորեն կհանգեցնի ապրանքների թանկացման: «Դրա համար պետությունը պետք է սուբսիդավորի սոցիալապես անապահով ընտանիքներին: Այդ ֆոնին գների աճը սպասելի էր: Անսպասելի էր նման աճը»,- ասել է Սաֆարյանը:

Նա նշել է, թե Ռուսաստանի հետ պետք է ավելի գրագետ աշխատել եւ թանկացման մեջ չարամտություն չորոնել: «Հայաստանում մի շարք գեներացնող ակտիվներ պատկանում են Ռուսաստանին: Մասնավորապես Հրազդանի ՀԷԿ-ը: Եթե «Հայռուսգազարդը» ռուսական մասնակցությամբ ընկերությունը, տրամաբանական կլինի առաջարկել, որ Հրազդանի ՀԷԿ-ը գազ ստանա ներռուսական տարիֆներով»,- կարծում է Սաֆարյանը: