ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Պռոշյանի ազատամարտիկների հուշարձանը պղծելուն: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Օրերս վանդալիզմի ու անբարոյականության դեպք է տեղի ունեցել, պղծվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ազատամարտիկների հուշարձանը: Այսօր գյուղի կենտրոնում, պատերից մեկի վրա, լկտիացած հանցագործները հայհոյական գրություններ են թողել սպանված գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հասցեին: Կատարվածը մեր երկրում առկա անպատժելիության, ամենաթողության մթնոլորտի հերթական դրսևորումը չէ միայն: Այն Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանն ուղղված մարտահրավեր է` նետված նախաքննական մարմիններին, պռոշյանցիներին, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու:
Մեզ համար ակնհայտ է. նմանօրինակ ցինիզմ հնարավոր է, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ, քանի դեռ մեղավորները չեն պատժվել օրենքի ողջ խստությամբ:
Ամեն ժամ պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրում Ազատամարտի զոհերի հիշատակի պղծումը բարոյական անկման վերջին սահմանն է, որ խարխլում է պետականության հիմքերը:
ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմինը դատապարտում է վանդալիզմի, ստորության այս ցուցադրական գործողությունը, իրավապահ մարմիններից պահանջում ենք արագ բացահայտել ե'ւ այս վանդալիզմի, ե'ւ Հրաչ Մուրադյանի սպանության հեղինակներին, իսկ Հանրապետության ղեկավարությունից պահանջում են գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակի անվերահսկելիություն թույլ չտալու համար»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում պղծել են ազատամարտիկների հուշարձանը: Հուշարձանին գրել էին` «Պարահանդեսն ավարտվեց»: Դեպքի առթիվ կատարվում են քննչական գործողություններ




























