Հայաստանում 7 տարվա ազատազրկման դատապարտված Ռոբերտ Հովսեփյանը հացադուլ է հայտարարել: Ինչպես NEWS.am-ին հայտնել է նրա մայրը՝ Նարինե Ասատրյանը, Ռոբերտը հացադուլն սկսել է մայիսի 15-ին՝ իր բողոքն արտահայտելով դատարանի վճռի նկատմամբ: Դատարանը մայիսի 14-ին 7 տարվա ազատազրկման է դատապարտել Հովսեփյանին՝ գողության համար: Ինքը՝ Հովսեփյանը եւ նրա հարազատները մեղադրանքը կեղծ են համարում:
Ռոբերտ Հովսեփյանը նախորդ տարվա հոկտեմբերի 3-ին այլ 5 տղամարդկանց հետ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին՝ գողության կասկածանքով: Նա պնդում է, որ խոստովանական ցուցմունքներ է տվել ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի ներքո: Փաստաբանի եւ հարազատների պահանջով փորձաքննություն է անցկացվել, որը նրա մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ եւ կապտուկներ է հայտնաբերել (այդ թվում երկար ժամանակ ձեռնաշղթաներով մնալուց): Բացի այդ, փորի եւ ձեռքերի վրա եղել են ոչ խորը կտրվածքներ, որը Հովսեփյանն ինքն է արել՝ ի նշան բողոքի: Նույն փորձաքննությունը վեր է հանել նաեւ լսողության հետ խնդիրներ եւ կողերի հնարավոր վնասվածքներ, որը նույնխպես ծեծի արդյունք է:
Հարցաքննությունները տեղի են ունեցել փաստաբանի բացակայությամբ, ինչն անօրինական է: 2008-ի հունիսից երիտասարդ Հովսեփյանը հաշվառված է նյարդաբանական դիսպանսերում եւ փաստաբանի ներկայությունը հարցաքննություններին պարտադիր էր:
Նշենք, որ երիտասարդը բերման էր ենթարկվել գողությունների շարքի կասկածանքով: ովսեփյանին առաջադրված 7 դրվագներից կազմված մեղադրանքից 6-ը հանվել է նախաքննության ընթացքում:
Ոստիկանների գործողությունները բողոքարկելու արդյունքում Կենտրոնի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի երկու օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանին եւ Արտակ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 309 եւ 314 հոդվծաներով:




























