Եգիպտոսում ձերբակալված խմբավորումը, որը կապված է «Ալ Կաիդայի» հետ, Կահիրեում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատների մոտ ահաբեկչություններ էր ծրագրել:
Մայիսի 11-ին Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մուհամեդ Իբրահիմը հայտնել էր, որ ձերբակալված Ամր Աբու Ալ էլա Ակիդան, Մուհամեդ Համեիդա Սալեհը եւ Մուհամեդ Բայունին ծրագրել էին հարձակվել կառավարական մի քանի շենքերի եւ արտասահմանյան մեկ դեսպանատան վրա: Նա հատուկ ընդգծել է, որ կասկածյալներին ձերբակալել են հենց դեսպանատան շեմին, սակայն չի նշել, թե որ դեսպանատան, գրում է NEWSru.com-ը:
Նրանց մոտ հայտնաբերել են 10 կգ պայթուցիկ նյութեր, ռումբեր պատրաստելու ցուցումներ, օդանավերի եւ հրթիռների մոդելներ, հետախուզական տեղեկության հավաքման ցուցումներ, ինչպես նաեւ «Ալ Կաիդայի» հրապարակած նյութեր: Իբրահիմը նշել էր, որ երեքն էլ համացանցով շփվել են Պակիստանում «Ալ Կաիդայի» առաջնորդներից մեկի հետ: Կասկածյալներից մեկը ուսումնավարժանք է անցել Պակիստանում, շփվել Ալժիրի ահաբեկչական ցանցի անդամների հետ:




























