Շուրջ 11 ժամ անց հրշեջներին դեռ չի հաջողվել մարել Երեւանի Արշակունյաց պողոտայում` «Սպայկա» ընկերության տարածքում բռնկված խոշոր հրդեհը (ֆոտոռեպորտաժ):

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե նախնական տվյալներով այրվում է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, 2 փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմից 110 հրշեջ-փրկարար եւ փրկարար, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։ Դեպքի վայր է մեկնել «Նաիրիտ» ՓԲԸ-ի պահպանության ՀՀՋ-ից մեկ մարտական հաշվարկ`փրփրահեղուկով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Սպայկա» ընկերության տարածքում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով նախնական տվյալներով տուժածներ չկան: Հրդեհը սկսվել է շինության առաջին հարկից եւ տարածվել երկրորդ հարկի վրա: Այս պահին էլ երեւում է ծխի մեծ սյունը, որ բարձրանում է Արշակունյաց պողոտայից:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է մայիսի 15-ին, ժամը 23.58-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ընկերությունում: Նախ հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ», ապա բարդության «3-րդ» աստիճան:

Լուսանկարները՝ NEWS.am