Մայիսի 15-ի ուշ երեկոյան Վանաձորում անտառապետ Թովմա Մաթեւոսյանին սպանողը մինչ այս պահը դեռ հայտնաբերված չէ:
Դեպքի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի /սպանություն/ հատկանիշներով:
Այս մասին NEWS.am–ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հայտնեց Լոռիի մարզի քննչական բաժնի հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը, ասելով, որ դանակահարողի հանդեպ հայտարարվել է հետախուզում:
Նշենք, որ սպանվածը հայտնի գրող Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդին է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Վանաձորում: Գիշերը ժամը 22:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող Գանձակ սուպերմարկետի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել:
Մեր թղթակցի տեղեկություններով` սպանվել է անտառտնտեսության Մոտկորի անտառապետ Թովմա Մաթեւոսյանը (40-50 տարեկան), ով Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդին է: Իսկ դանակահարողը, չճշտված տվյալներով, եղել է բնապահպանության տեսչության տեսուչ Տիգրան Մելիքյանը:
Թովմա Մաթեւոսյաննին դանակահարված վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, սակայն ստացած վնասվածքներից նա ճանապարհին մահացել է: Դանակահարողը դիմել է փախուստի:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am




























