Հայաստանի պաշտպանության նախարարությունը խիստ կարեւորում է որոշակի հարցերի եւ որոշակի թերությունների քննարկումը՝ դրանք շտկելու նպատակով: Այս մասին  հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ՄԻՊ-ի զեկույցը բանակում մահվան դեպքերի վերաբերյալ:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում օմբուդսմենին այդ հարցով անհանգստանալու համար եւ ցանկանում հիշեցնել, որ պաշտպանության նախարարությունը միշտ խնդիրների առողջ եւ թափանցիկ քննարկումներ կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել եւ քանիցս նման քննարկումներ նախաձեռնել», - նշել է Արծրուն Հովհաննիսյանը: Մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ օմբուդսմենին գրավոր պատասխան կուղարկվի:

«Բայց մինչ այդ կցանկանայի նշել, որ օմբուդսմենի մատնանշած հարցի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը եղել եւ կլինի բոլոր շահագրգիռ կողմերի եւ կառույցների մասնակցությամբ լսումների անցկացման նախաձեռնողը: Նախարարությունը կարեւորում է որոշակի խնդիրների քննարկումը՝ առավել արդյունավետ լուծումներ գտնելու համար», - ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը: