Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը թե ՀԱԿ կուսակցության, թե ՀԱԿ դաշինքի մեջ  մտած մյուս կուսակցությունների հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀԱԿ դաշինքի անդամ ՀԺԿ առաջնորդ, ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։

«Իհարկե, որոշակի խառնաշփոթ առաջացել է, փաստ է, որ ֆորմալ առումով ՀԱԿ դաշինքը կա, եւ խմբակցությունը ԱԺ-ում ներկայացնում է ՀԱԿ դաշինքը, փաստացի դաշինքը չի գործում»,- ասաց նա։

Հարցին, թե դուք ՀԱԿ դաշինքի անդամ եք, ինչո՞ւ նիստերին չեք մասնակցում, նա պատասխանեց. «ՀԱԿ դաշինքի նիստ տեղի չի ունեցել, դա չի կարելի համարել ՀԱԿ դաշինքի նիստ, պարզապես դրա կազմի մեջ մտնող մի քանի կուսակցություն հավաքվել են, ցանկություն ունեն վերականգնել դաշինքը: Նորմալ ցանկություն է, պատրաստ ենք համագործակցել, ունենք նորմալ հարաբերություններ ժամանակը ցույց կտա»: Նա նաեւ հերքեց, թե իրեն առաջարկ է եղել ղեկավարել ՀԱԿ դաշինքը։

Ստեփան Դեմիրճյանը այդպես էլ հստակ չասաց՝  ՀԺԿ-ն շարունակելու է մնալ ՀԱԿ դաշինքի կամզում, մասնակցելու է դրա վերածնման գործընթացին ակտիվորեն, թե պասիվ է մնալու կամ գործելու է առանձին։ Այս թեմայի վերաբերյալ բոլոր հարցերին նա պատասխանում էր՝ «Ժամանակը ցույց կտա» Նա չցանկացավ խոսել նորաստեղծ ՀՀՇ-ի մասին, ասելով, թե «թող ստեղծվի, հետո կխոսենք»։

Ի դեպ, Ստեփան Դեմիրճյանը չհերքեց նաեւ ՀԱԿ խմբակցությունում առկա անհաշտությունը։ Նա հաստատեց, որ ՀԱԿ պատգամավորներից  երկուսը՝ Նիկոլ Փաշինյանը եւ Հրանտ Բագրատյանը նիստերին չեն մասնակցում, բայց ճիշտ կլինի այդ մասին հարցնել նրանց։ Մեր դիտարկմանը, թե փաստորեն ՀԱԿ խմբակցությունում էլ է «գաղջ» մթնոլորտ, թե այն շրջանցել է երկրում առկա գաղջ մթոնոլորտը, նա ասաց՝ «լավ էլի, խնդրում եմ, վերջացրեք»։