ԼՂՀ Ազգային ժողովում, այսօր՝ մայիսի 16-ին, պաշտոնապես ներկայացվել է ԼՂՀ 2012թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որով եւ մեկնարկել են փաստաթղթի նախնական քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ պատգամավորական խումբ-խմբակցություններում` համաձայն հաստատված ժամանակացույցի։
Կառավարության լիազորմամբ հանդես գալով բյուջեի կատարողականի վերաբերյալ հաղորդմամբ՝ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը ներկայացրել է հաշվետու տարում հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ու ոլորտներում արձանագրված ցուցանիշները, նշել զարգացման միտումները։
«Կառավարության 2012թ. սոցիալ-տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղված էր մակրոտնտեսական կայունության ապահովմանը, տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանմանը, զուգահեռաբար իրականացվել են զարգացմանն ուղղված բարեփոխումները»,-ասել է նա։ Նախարարի հաղորդմամբ՝ հաշվետու տարում տնտեսական աճը կազմել է 9.9 տոկոս, անվանական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքը՝ 150.0 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 135.5 մլրդ դրամի դիմաց, ծախսերը կազմել են 67343806.5 հազ. դրամ՝ նախատեսված ծրագրի 95.0 տոկոսը, սեփական եկամուտները՝ 28755606.1 հազար դրամ (նախորդ տարվա համեմատ 11.6 տոկոսով ավել), դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր են հանդիսացել բյուջեի փոխառու միջոցները, բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը եւ վարկերի վերադարձից մուտքերը, ընդհանուր առմամբ կազմելով 2785467.3 հազ. դրամ, ամբողջությամբ ստացվել է ՀՀ-ի կողմից տրամադրվող միջպետական վարկը:
Ֆինանսների նախարարը հանդես է եկել նաեւ լրացուցիչ պարզաբանումներով՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին նախորդ տարվա կատարողականի առանձին դրույթների։



























