Հայաստանի Հանրապետության կառավարությունը տարբեր մշակաբույսերի սերմացուներ ձեռք կբերի՝ ՀՀ Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին բաժանելու համար: ՀՀ կառավարությունն այսօր՝ մայիսի 16-ին որոշում ընդունեց առվույտի, արեւածաղկի եւ եգիպտացորենի սերմնացուներ ձեռք բերել ինչպես տեղական սերմնաբուծարաններից, այնպես էլ Ռուսաստանի Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքի «Սկիֆ Ագրոս» կազմակերպությունից:
Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի՝ մայիսի 12-ին ՀՀ Արմավիրի մարզում կարկտահարությունից լուրջ վնասներ են ստացել 43 համայնքներ, հատկապես տուժել են խաղողի այգիները: Որոշ վնասներ են կրել նաեւ Արարատի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերը: Ստեղծվել են համայնքային 43 հանձնաժողովներ, որոնք ամենայն հավանականությամբ այսօր կավարտեն վնասների գույքագրման աշխատանքները:
Նախնական գնահատականներով՝ վնասվել են 15-17 հազ. հա տարածքներ, որից՝ բանջարբոստանային կուլտուրաներ՝ 6 հազ. հա, պտղատու այգիներ՝ 5 հազ. հա, խաղողի այգիներ՝ 4-5 հազ. հա:
Ընդ որում՝ պտղատու եւ խաղողի այգիների վերականգնումը ավելի երկար ժամանակ է պահանջում, իսկ բանջարաբոստանային կուլտուրաների մասով հնարավոր է կրկնացանք: Կառավարությունը նաեւ գյուղացիներին կտրամադրի 7000 տոննա պարարտանյութ, դիզելային վառելիք:




























