Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանն, այսօր՝ մայիսի 16-ին, ընդունել է Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Համիշ Քուփերին (նստավայրը՝ Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մանասարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ, նշելով, որ նա Նոր Զելանդիայի առաջին դեսպանն է Հայաստանում, եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Քուփերը նշել է, որ բոլոր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության ընդլայնման համար: Դեսպանը կարեւորել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ անցած տարի Նոր Զելանդիա կատարած այցը եւ դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց իրականացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին:

Անդրադարձ է կատարվել երկու երկրների համագործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը:

Զրուցակիցները նաեւ կարեւորել են Նոր Զելանդիայի հայկական համայնքի որպես կապող օղակի դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը եւ կարեւորել Նոր Զելանդիայի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: