Ապրիլի 5-ի կեսգիշերին վթարի ենթարկված նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանն օրերս «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նրա մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:

Նա նշեց, որ թեթեւ վիրահատություն էր, նույնիսկ նարկոզի կարիք չի եղել: Նախկին պատգամավորն այժմ իրեն լավ է զգում: «Թոքի ներքեւի հատվածում ինչ որ գոյացություն են հեռացրել, հավանաբար մյուս շաբաթվա վերջ դուրս կգրվի»,- ասաց մամուլի քարտուղարը:

Նաիրա Հարությունյանը նաեւ նշեց, որ հարուցված քրեական գործով դեռեւս որեւէ նորություն չկա:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի էր ենթարկվել ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը։ Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ։ Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի եւ «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները: Զոհրաբ Զոհրաբյանը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` գանգուղեղային տրավմա, կրծքավանդակի սալջարդ վնասվածքներով:

Փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):