Cleary Gottlieb Steen & Hamilton LLC ամերիկյան իրավաբանական ընկերությունը ՀՀ կառավարության կողմից ընտրվել է որպես եվրապարտատոմսեր թողարկելու միջազգային իրավախորհրդատու:

Ըստ կառավարության պաշտոնականն կայքի՝ միջազգային իրավախորհրդատու ընտրելու նպատակով ընտրվել են այդ շուկայում գործող լավագույն հինգ կազմակերպությունները, որոնց առաջարկ ներկայացնելու հրավեր է ուղարկվել: Հինգ ընկերություններից առաջարկ են ներկայացրել չորսը, դրանցից ընտրվել են երկուսը` Cleary Gottlieb Steen & Hamilton LLC եւ Baker & McKenzie LLP: Այդ ընկերությունների ներկայացուցիչները հրավիրվել են Երեւան` իրենց կողմից ներկայացված առաջարկները քննարկելու եւ բանակցություններ վարելու նպատակով: Հանդիպումներին մասնակցել են  ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի եւ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Բանակցությունների արդյունքում ընտրվել է Cleary Gottlieb Steen & Hamilton LLC-ն:

Նշենք, որ Cleary Gottlieb Steen & Hamilton LLC 1946 թ. Նյու յորքում հիմնված իրավաբանական ընկերություն է, որը ներկայում ունի 1200 իրավաբան 50 երկրներից:

Ամենայն հավանականությամբ՝ Հայաստանը 2013 թ. կթողարկի 500 մլն դոլար արժեղությամբ եւ 10 տարի մարման ժամկետով պարտատոմսեր: Գումարները կօգտագործվեն ռուսական պարտքը մարելու համար: