«Տոնուս քոնսթրաքշնս» շինարարական կազմակերպությունը, որի սեփականատերը նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանն է, ի թիվս տասնյակ այլ քաղաքացիների, «գցել» է նաեւ երգիչ, երաժիշտ Արթուր Իսպիրյանին: Երաժիշտը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ 7 տարի առաջ Փափազյան փողոցում` Մալականների այգու դիմաց կառուցվող շենքում, երբ դեռ հիմքը նոր էր գցվել, տուն են գնել, արտերկրում բնակվող իր զոքանչը եւ աները 72 քառակուսի մետր տարածքի եւ ավտոկայանատեղիի համար վճարել են մոտ 32 միլիոն դրամ, որպեսզի տարիներ հետո վերադառնան եւ ծերությունը անցկացնեն Հայաստանում:

Արթուր Իսպիրյանի կնոջ ծնողներն ամեն տարի սպասում էին, որ շենքը պատրաստ լինի եւ վերադառնան: «Շատ դանդաղ կառուցվեց շենքը, ընդամենը 5 բանվոր էր աշխատում, ամեն անգամ ասում էին` այս տարի, մյուս տարի պատրաստ կլինի, վերջում, երբ շինարարության ավարտին արդեն մնացել է 10 տոկոս, իրենց գումարները վերջացել է, չեն կարողանում ավարտել, հետո երբ որ դիմեցի` ասելով, որ երբ կավարտվի, ավարտվի, գոնե մեր սեփականաշնորհման վկայականները տվեք, չէ՞ որ գումար վճարել ենք: Իրենք ձգձգեցին երկար ժամանակ, անընդհատ ասում են` մի ամսից, երկու ամսից, հետո բնակիչներից իմացա, որ իրենք վարկ են վերցրել «Արցախ»  բանկից, չեն կարողացել վճարել, իսկ բանկը բնակարանները գրավի տակ է վերցրել»,- նշեց նա` հավելելով, որ դիմելով «Արցախ բանկին», այնտեղ եւս հաստատեցին, որ բնակարանները գրավ են դրված:

Երաժիշտը նաեւ ասաց, որ այժմ շենքը գրեթե պատրաստ է, աշխատանքների 10 տոկոսն է մնացել, սանդուղքների սալիկապատում, վերելակի տեղադրում եւ ներքին հարդարման աշխատանքներ, բայց հայտնաբերել են, որ այսօր շենքը հսկում է «Արմմոբիլ» ընկերությունը: Նա նշեց, որ տուժողները  հիմնականում սփյուռքահայեր են, որոնք այստեղ չգտնվելով, չեն կարողացել պայքարել:  «Մենք գումարը տվել ենք «Տոնսու» ՍՊԸ-ին, որի տնօրենը Աշոտ Տոնոյանն է, պայմանագիրը իրենց հետ է, իսկ բանկի մասին այսօր առաջին անգամ եմ լսել»,- ասաց երաժիշտը:

Արթուր Իսպիրյանը նշեց, որ բազմիցս փորձել է  հանդիպել Աշոտ Տոնոյանի հետ, բայց չի հաջողվել: «Ես ամիսը մեկ անգամ գնում եմ իրենց օֆիս, ու այնքան փափուկ, սիրուն, մեղմ ժպիտով են ինձ ճանապարհում, որ ասում եմ` դե լավ, մարդ են, մի տարի էլ կսպասենք: Չեմ կարողանում հանդիպել Աշոտ Տոնոյանի հետ, ամեն անգամ խափանում են իմ հանդիպումը, օֆիսի աշխատողներն են դրանով զբաղվում, իրենք են պատասխան տալիս ինձ»,- ասաց երգահանը` հավելելով, որ այդ ընկերության կողմից «գցված» Դավիթաշենի բնակիչները հանդիպել են Աշոտ Տոնոյանի հետ, վերջինս ասել է, թե ինքը այլեւս կապ չունի, դրանով զբաղվում է բանկը:

Արթուր Իսպիարյանը շեշտեց, որ անպայման փորձելու են հանդիպել Աշոտ Տոնոյանի հետ` պահանջելով իրենց բնակարանները:  «Տոնուս քոնսթրաքշնս» շինարարական կազմակերպությունից «գցված» քաղաքացիները նաեւ ստորագրահավաք են սկսել` դիմելու Կառավարությանը, որպեսզի իրենց վերադարձնի իրենց բնակարանները: