Չարժե քաղաքական եւ աշխարհաքաղաքական եզրահանգումներ անել այն պատճառով, որ Ռուսաստանը դադարեցրել է ադրբեջանական նավթի տարանցումն իր տարածքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ռուսաստանցի տնտեսագետ Ալեքսանդր Դուգինը:
Ըստ նրա` խոսքը հերթական տեխնիկական հարցերի մասին է: «Դրդապատճառներն այստեղ քաղաքական չեն, այլ զուտ տնտեսական: Ուստի ես կարծում եմ, որ հապճեպ եւ հեռուն գնացող եզրահանգումներ անել չարժե»,-նշեց Ալեքսանդր Դուգինը` ընդգծելով, որ այստեղ ոչ մի մեծ քաղաքականություն չկա:
Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ նավթի եւ գազի թեման, տնտեսագետի համոզմամբ, քաղաքական չէ: «Ռուսատանի եւ Ադրբեջանի հարաբերություններն ավանդաբար հաջող են ընդհանուր առմամբ: Եթե անգամ կան ինչ-ինչ խնդիրներ, ապա դրանք վաղուց են եղել եւ նոր չեն առաջացել»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրություն էր ստորագրել Ռուսաստանի տարածքով ադրբեջանական նավթի տարանցման մասին պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին:



























