Արցախյան ազատամարտի կամավոր մասնակից Վարդգես Սմբատյանը Հայաստանի կառավարությունից պահանջում է հաշմանդամ ազատամարտիկների կենսաթոշակի բարձրացում, ինչպես նաեւ բնակարաններ նրանց համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ինքը՝ վարդգես Սմբատյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում շատ ազատամարտիկներ կան, որոնք ապրում են ծանր սոցիալական պայմաններում, բացի այդ հաշմանդամություն ունեն կամ պարզապես հիվանդ են: «Նրանք ապրում են սոցիալական ծանր պայմաններում եւ պետական աջակցության մեծ կարիք ունեն: Ներկայումս մենք դիմել են նստացույցի, որպեսզի գոնե սեփական ուժերով հասնենք ինչ-որ լուրջ արդյունքի»,-ընդգծեց ազատամարտիկը:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Ազատության հրապարակում նստացույց են հայտարարել մի քանի ազատամարտիկներ, հետագայում նրանց թիվը հասել է 30-ի: Նրանք պահանջում են վերանայել իրենց կենսաթոշակի հաշվարկման կարգը եւ արժանապատիվ թոշակ նշանակել: Մայիսի 13-ին նստացույցի մասնակիցները երթով շարժվել են կառավարություն եւ նամակ հանձնել վարչապետին:




























