Ռուսատատնի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկ համագործակցության ձեւաչափի փոփոխությունը պետք չէ կապել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցի հետ: Այս մասին NEWS.am-ին ասաց Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանում քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինտիտուտի աշխատակից Անդրեյ Արեշեւը:
Քաղաքագետի կարծիքով` էներգետիկայի ոլորտում երկու երկրների միջեւ փոխգործակցությունն ունի իր ինքնուրույն պատմությունը, իսկ հաշվի առնելով տարածաշրջանային եւ համաշխարհային շուկաներում արագ փոփոխվող դինամիկան, 1996թ. համաձայնագիրը ցանկացած դեպքում լուրջ փոփոխության կարիք ուներ, որի մասին վաղուց էր խոսվում: «Կարծում եմ, որ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների` Ռուսաստանի տարածքով տարանցելու վերաբերյալ հետագա պայմանավորվածությունը կունենա կարճաժամկետ եւ բացառապես կոմերցիոն բնույթ, ինչը, հաշվի առնելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերջին շրջանի դինամիկան, միանգամայն տրամաբանական է»,-նշեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրություն էր ստորագրել Ռուսաստանի տարածքով ադրբեջանական նավթի տարանցման մասին պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին:



























