Սյունիքի մարզում մայիսի 1-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով տուժածների առողջական վիճակը դեպի լավն է գնում:
«Էրեբունի» բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ 23-ամյա Գրիգոր Ավետյանը եւ 21-ամյա Նոնա Թունյանը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են Օրթոպեդիայի բաժանմունք, նրանց վիճակը նորմալ է:
Վթարի հետեւանքով տուժած 10-ամյա Վահե Թունյանը եւս ապաքինվում է, վիճակը դեպի լավն է գնում: «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեխան դեռ երկար կմնա հիվանդանոցում, քանի որ լրջագույն տրավմաներ է ստացել` կոնքի, ոսկորների, ազդոսկրի բազմակի կոտրվածքներ ունի: Տնօրենը նշեց, որ դեռ չգիտեն` այդ տրավմաները կազդեն նրա հետագա կյանքի վրա, թե ոչ, «ժամանակը ցույց կտա»:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթեւ-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Պարզվել է, որ «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել դեպի մոտակա ձորում գտնվող տաղավար-զրուցարանի վրա:
Վթարի հետեւանքով մահացել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, վարորդ՝ 37-ամյա Վրույր Ղազարյանը, եւ ուղեւորներ՝ 6-ամյա Սերոբ Ղազարյանը, 11-ամյա Սիլվիկ Ղազարյանը, 29-ամյա Հերմինե Օհանջանյանը, 15-ամյա Աիդա Թունյանը եւ տաղավար-զրուցարանում գտնվող Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ` 40-ամյա Հայկ Մարտիկյանը, հիվանդանոցում մահացել է 41-ամյա Մալվինա Ղազարյանը:
Վիրավորվել են ավտոմեքենայի մյուս ուղեւորներ (Քարահունջ գյուղի բնակիչներ)՝ 23-ամյա Գրիգոր Ավետյանը, 21-ամյա Նոնա եւ 10-ամյա Վահե Թունյանները:
Վթարի հետեւանքով մահացողները ընտանիք են` ամուսին, կին եւ նրանց երկու երեխաները: Ընտանիքի հայրը 37-ամյա Վրույր Ղազարյանն է, նրա կինը` 29-ամյա Հերմինե Օհանջանյանը, երկու երեխաները` 6-ամյա Սերոբ Ղազարյանը, 11-ամյա Սիլվիկ Ղազարյանը, իսկ 15-ամյա Աիդա Թունյանը, ով նույնպես զոհվել է, Վրույր Ղազարյանի քրոջ դուստրն է: Վրույր Ղազարյանը եւ Հերմինե Օհանջանյանն ունեն նաեւ 4-ամյա դուստր, ով մնացել էր տանը: Այժմ երեխայի խնամքով հավանաբար կզբաղվեն տատը եւ պապը, որոնք սակայն տարիքով են: Վթարի հետեւանքով մահացել է նաեւ Վրույր Ղազարյանի քույրը՝ 41-ամյա Մալվինա Ղազարյանը:




























