Հայ սպառողների համար շատ կարեւոր է, որ գազը թանկացավ ոչ ձմեռային ամիսներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Իհարկե, դրա հետ կապված դեռ որոշում չի ընդունվել, սակայն ժողովրդի դժգոհությունը կարող է հանգեցնել որոշակի հետեւանքների: Սոցիալական դժգոհության ալիքը կշարունակվի մինչեւ համապատասխան որոշման ընդունումը.,-նշեց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է գազի գնի բարձրացմանը, Թաթուլ Մանսերյանը վստահեցրեց, որ բնականաբար, գնաճի միտումներ կնկատվեն: «Կախված կոնկրետ ոլորտներից, որոնք տարբեր ծավալների գազ են օգտագործում, այդ որոշման բացասական ազդեցույթունը կերեւա գնաճի տեսքով եւ հնարավոր է երկու սցենար»,-ասաց նա՝ հավելելով, որ լավատեսական սցենարի դեպքում՝ լրացուցիչ գնաճը կարող է կազմել 1-1,5 տոկոս՝ պետության դերի ակտիվ դերակատարմամբ եւ կարգավորող ու վերահսկող գործառույթների կիրառմամբ:
Մանասերյանը, մասնավորապես առանձնացրեց ՏՄՊՊՀ-ի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դերակատարումը: «Պետությունը պետք է խիստ միջոցառումներ իրականացնի՝ կանխելու համար չարաշահումները, քանի որ մի շարք գազալցակայաններում արդեն նկատվել են խախտումներ»,-նշեց Մանասերյանը՝ հավելելով, որ կան ներքին ռեսուրսներ, որոնք պետք է կառավարությունն օգտագործի:
Հոռետեսական սցենարի դեպքում, ըստ տնտեսագետի, գազի գնի բարձրացումից գնաճը կկազմի 3-4 տոկոս: Չի բացառվում, որ պետական համապատասխան վերահսկողության բացակայության պայմաններում այդ ցուցանիշը ավելի բարձր լինի:
Հարցին, թե որքանով է ընդունելի Ռուսաստանի կողմից իր ռազմավարական դաշնակից Հայաստանի նկատմամբ նման քայլը, Մանասերյանը պատասխանեց. «Մենք իրավունք չունենք դժգոհության մեծ ալիք բարձրացնել Ռուսաստանի դեմ, քանի որ վերջին տարիներին գազի գները թե եվրոպական երկրների, թե ԱՊՀ անդամ երկրների համար վաղուց բարձրացել էին»:




























