«Հրապարակը» գրում է, թե Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի հարցը դեռ լուծված չէ: Նա անպայման կլինի ՀՀԿ ցուցակից՝ այդպես է պահանջում օրենքը: Տարոն Մարգարյանին մոտ կանգնածներն ասում են, ըստ ամենայնի, այդ աթոռը կզբաղեցնի ՀՀԿ համամասնական ցուցակի 17-րդ հորիզոնականն զբաղեցնող Կամո Արեյանը, ով քաղաքապետարանում է անհիշելի ժամանակներից եւ ոչ միայն հնազանդ ու աննկատ տեղակալ է եղել ամենատարբեր քաղաքապետերի համար, այլեւ բավականին ծանոթ է այս աշխատանքին:
Ի դեպ, եթե Կամո Արեյանը դառնա առաջին տեղակալ, նրա՝ փոխքաղաքապետի պաշտոնը թափուր կմնա, եւ, ըստ նույն աղբյուրների, չի բացառվում, որ այդ պաշտոնը ՀՀԿ-ն վստահի ավագանու «երկարամյա» անդամ Նաիրա Նահապետյանին՝ ՀԷԿ-երի Նառային, ով քարոզարշավի ժամանակ քրտնաջան «դոշ» էր տալիս Տարոնի համար: Արվե՞լ է Ձեզ նման առաջարկ, հարցրինք Նաիրա Նահապետյանին: «Իհարկե ոչ. ոչ մի առաջարկ»: Իսկ եթե արվի, կհամաձայնե՞ք: «Երբ առաջարկվի, իրար հետ կմտածենք, հիմա չգիտեմ»: Իսկ ո՞ւմ եք տեսնում առաջին տեղակալի պաշտոնում: «Կդժվարանամ ասել, նման հարցեր մեզ մոտ չեն քննարկվել»:
Ի դեպ, մեր տեղեկություններով, ճիշտ է, Սամվել Ալեքսանյանին չհաջողվեց Դավիթ Օհանյանին «նշանակել» առաջին տեղակալ, սակայն «շարքային» փոխքաղաքապետերի թվում նա կարող է լինել: Հիշեցնենք, որ նորընտիր քաղաքապետը կարող է ունենալ մինչեւ 6 ոլորտային տեղակալներ:




























