Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է Հայաստանի կառավարության նշանակմանը:
Հայտարարությունում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության նախագահի 2013թ. մայիսի 8-ի հրամանագրերով ձեւավորվեց Հայաստանի Հանրապետության «նոր» կառավարությունը՝ նախկին վարչապետի գլխավորությամբ: Կառավարության ներկա կազմում կա ընդամենը 3 նոր նախարար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կառավարության նախկին ղեկավարին եւ անդամների մեծ մասին վերանշանակելը հավաստումն է այն բանի, որ երկրի ղեկավարը դրական է գնահատել նրանց կատարած աշխատանքը, գոհ է նրանց կառավարած ոլորտներում առկա վիճակից, ուստիեւ արժանին է մատուցել նրանց՝ վերանշանակելով իրենց պաշտոններում: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը 2008թ.-ից զբաղեցնող Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին երկրում էլ ավելի խորացավ աղքատությունը եւ ահագնացող չափերի հասան արտագաղթի ծավալները: Շարունակելու են պաշտոնավարել նաեւ այն նախարարները (ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյան, ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյան), որոնց կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ մամուլի հրապարակումներն այդպես էլ պատկան մարմինների կողմից չհետաքննվեցին, ինչպես նաեւ նրանք, ովքեր դրսեւորել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհարիր վարքագիծ (ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գ. Բեգլարյան, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյան եւ այլն):
Երկրի կառավարումը նման անձանց վստահելը կասկածի տակ է դնում երկրում աղքատության հաղթահարման, սոցիալական արդարության հաստատման, բնական պաշարների կառավարման եւ շրջակա միջավայրի եւ մշակութային ժառանգության պահպանության հեռանկարները: Այն նաեւ թույլ է տալիս եզրակացնել, որ հանրության մի զգալի մասի կարծիքները եւ տրամադրությունները Հայաստանում օրակարգ չեն ձեւավորում եւ արհամարհվում են: Իշխանություններին բավական է հաշվետու լինել միայն այն ուժերի առջեւ, ովքեր ապահովում են համակարգի վերարտադրությունը:
Այսպիսի պայմաններում, զավեշտալի են հնչում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին իշխանությունների հավաստիացումները: Խմբակային շահերով առաջնորդվող իշխանությունը կարող է երաշխավորել միայն խմբակների քաղաքական եւ տնտեսական բարգավաճում:




























