Հայաստանում կաթի մթերման գները ապրիլ-մայիսին դեռ չեն նվազել: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության եւ անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
Սովորաբար ապրիլից Հայաստանում կաթի մթերման գները նվազում են՝ պայմանավորված կաթնատվության բարձրացմամբ (անասուններին արդեն արածեցնում են արոտավայրերում), սակայն այս տարի անարատ կաթի նկատմամբ պահանջարկը մեծ է եղել, ու կաթի մթերման գինը շարունակել է պահպանվել 170 դրամ/1 կգ մակարդակի վրա:
Սակայն Ա. Հովհաննիսյանն ասաց, որ առաջիկա 15-20 օրվա ընթացքում հանրապետությունում կաթի դեֆիցիտը լիովին կվերանա, կառաջանա նույնիսկ կաթի ավելցուկ, քանի որ մթերման ծավալներն օրական ավելանում են 1000-1200 տոննայով:
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները կաթնամթերքի 6-7% թանկացումը չեն պայմանավորում միայն կաթի թանկացմամբ: Կան այլ պատճառներ եւս: Նախ՝ դրամի արժեզրկմամբ պայմանավորված թանկացել են ներկրվող կաթի փոշին, կարագն ու փաթեթավորման պարագաները; Երկրորդ՝ ապրիլ-մայիսին 10 դրամով թանկացել են դիզվառելիքն ու բենզինը:
Ա. Հովհաննիսյանը հերքեց այն կարծիքները, որ կաթի դեֆիցիտը առաջացել է անասունների գլխաքանակի անկման պաատճառով, նշելով, որ ընդհակառակը, գլխաքանակն ավելացել է նախորդ տարիների համեմատ:



























