Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումներ:

Հայտարարությունում ասվում է.

«Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին եւ հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում հարկային պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ: Որպես այդպիսի ստուգումների անցկացման հիմք հարկային ծառայության աշխատակիցների կողմից նշվում է մասնագիտական ստուգում նշանակելու մասին քննիչի որոշումը, որը, սակայն, չի տրամադրվում շահագրգիռ անձանց` զրկելով նրանց որոշմանը ծանոթանալու, դրա հիմնավոր լինելու մեջ հավաստիանալու եւ այն բողոքարկելու հնարավորությունից:

Այս կապակցությամբ Պաշտպան Կարեն Անդրեասյանը գրավոր պարզաբանումներ է ստացել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից եւ ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ գլխավոր դատախազությունն իր համաձայնությունն է հայտնել ձեւավորված պրակտիկայի հակաիրավական լինելու հարցում` նշելով, որ «ստուգում նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը շահագրգիռ անձանց չտրամադրելու ձեւավորված պրակտիկան չի բխում ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով եւ ՀՀ քր. դատ. օր. 103 եւ 290 հոդվածներով նախատեսված իրավակարգավորումներից»: Մինչդեռ  ՊԵԿ-ը չի ընդունում ձեւավորված պրակտիկայի հակաիրավականությունը եւ շարունակում է պնդել իր աշխատակիցների գործողությունների իրավաչափության մասին:

Նկատի ունենալով խնդրի համակարգային բնույթը եւ ՊԵԿ-ի գործողությունների եւ դիրքորոշման ոչ իրավաչափությունը՝ պահանջում ենք հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող իրավասու մարմիններին  դադարեցնել հետաքննիչի կամ քննիչի որոշումը շահագրգիռ անձանց չտրամադրելու ոչ իրավաչափ գործելաոճը: Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտներին եւ այլ շահագրգիռ անձանց առաջարկում ենք ստուգում նշանակելու մասին հետաքննիչի կամ քննիչի որոշումը պահանջել որոշումը կայացրած պաշտոնատար անձից, իսկ մերժում ստանալու դեպքում` բողոքարկել հետաքննիչի կամ քննիչի անգործությունը դատախազին:

Մարդու իրավունքների պաշտպանը լիահույս է, որ խնդրի արագ կարգավորումը կնպաստի երկրում ձեռնարկատիրական գործունեության մթնոլորտի բարելավմանը, տնտեսվարող սուբյեկտների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը»: