Հայաստանի ԱԻ նախարարությունում, այսօր՝ մայիսի 16-ին, տեղի է ունեցել մայիսի 14-ին արձանագրված ծանր հետեւանքներով ավտովթարի վերլուծության արդյունքներին նվիրված արտահերթ խորհրդակցություն, որը վարել է Արմեն Երիցյանը: Խոսքը Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած վթարի մասին, որի հետեւանքով զոհվել էր մեկ, ծանր վիրավորվել երեք մարդ:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը նախ շնորհակալություն է հայտնել մայիսի 15-ին Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած հրշեջ-փրկարարներին.
«Ես միշտ ասել եմ, որ ունենք հերոս տղաներ, ովքեր միշտ կանգնում են քաղաքացու կողքին: Երեկ էլ նրանք բարեխղճորեն կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը: Հրշեջ-փրկարարները, չխնայելով իրենց կյանքը, հասնում են քաքղաքացիներին օգնության: Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, կան որոշ բացթողումներ, որոնցից պետք է ճիշտ հետեւթյուններ անել՝ մեր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մենք բարի գործ ենք անում եւ դա պետք է միասին անենք՝ մեկ թիմով: Լավագույնները կխրախուսվեն, իսկ կարգ ու կանոնին չհետեւվողները համապատասխան պատժի կենթարկվեն: Յուրաքանչյուրը պետք է իր առջեւ դրված խնդիրները կատարի», - ասել է Արմեն Երիցյանը:
Խորհրդակցության ընթացքում Ա. Երիցյանը երեք աշխատակիցների հեռացրել է համակարգից, հայտարարել պաշտոնին անհամապատասխանություն, խիստ նկատողություն ու զգուշացում Փրկարար ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներին: Նպատակը՝ նախարարության աշխատակազմում կարգ ու կանոնի պահպանումն է, իսկ ամենապատասխանատու պաշտոնները պետք է զբաղեցնեն միայն իրենց աշխատանքը բարեխիղճ կատարող անձինք: Այդ ամենը կնպաստի ԱԻ նախարարության աշխատանքի արդյունավետության էլ ավելի բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի ՀՀ քաղաքացիների անվտանգության եւ պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:




























