«Ժառանգության» սպասելիքները մեծ հաշվով չարդարացան, խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններին այլ պատկեր էինք  սպասում, իսկ նախագահական ընտրություններին մեծ սպասելիք չունեին, բայց արդյունքը եղավ, որ քաղաքացիները ճնշող մեծամասնությամբ պաշտպանեց Րաֆֆի Հովհաննիսյանին; Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին,  ասաց «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ 1995-ից ի վեր Հայաստանում սկսել են կեղծվել ընտրությունները եւ դա շարունակվել է մինչ օրս, Երեւանի ավագանու ընտրությունները  շատ ավելի վատն էին, քան խորհրդարանականը եւ նախագահականը։ «Այդպիսի իրավիճակ ոչ խորհրդարանականի,  ոչ նախագահականի ժամանակ չկար, քիչ էր մնում ընտրակաշառքը տեղամասի առջեւ բաժանվեր։ Սա տասը քայլ ավելի հետ էր,  քան նախորդ երկու ընտրությունները»,- ասաց նա։

Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ Երեւանի ընտրություններին ընտրողը պատժեց ընդդիմադիր ուժերին, «ընտրակաշառքը հարյուր տոկոս աշխատել էր, առաջին անգամ էր, որ ընտրատեղամասում այդպիսի մեծ վերահսկողություն կար, ուղղակի քաղաքացին պատժեց ընդդիմադիրներին, ասելով, որ ես այս ծայրահեղ իրավիճակում եմ գտնվում, իսկ դուք նեղ կուսակցական ամբիացիաներն եք շարունակում»։ Նա չբացառեց, որ գուցե ընտրողը պատժեց «Ժառանգությանը»՝ նախագահական ընտրություններից հետո կտրուկ քայլերի չգնալու համար։

Արմեն Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ միակ ուժը, որն անցավ ավագանի առանց ընտրակաշառքի եւ «Ընտրական օրենսգրքի» տառին համապատասխան,  «Բարեւ Երեւանն» էր։ Նա վստահ է, որ իրենք ավագանիում փոքրաթիվ թիմով արդյունավետ են աշխատելու, վերահսկելու գործառույթ են իրականացնելու. «Իրենց հանգիստ չենք թողնելու շնչել, փորձելու ենք նվազեցնել ատկատները, քաղաքացիների շահը ստիպված մենք ենք էլի պաշտպանելու։ ստիպված ենք լինելու միայնակ տանել, ծանր պարտականություն է դրվում, որը փորձելու ենք իրականացնել»,- ասաց նա։

Ադրադառնալով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ նրա ունեցվածքին՝  նա նշեց, որ  իրենք կցանկանային, որ այդպիսի բիզնես հնարավորություն ունեցող անձնավորությանը ազատվեր կառավարման պարտավորություններից, «այդպիսի տաղանդավոր բիզնեսմենը պետք է բիզնեսով զբաղվեր, աշխատատեղեր ստեղծեր, երկիրը շենացներ»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am