Հանրապետական կուսակցությունը պետք է մտահոգվի, որ երկրում իշխանություն չկա, ոչ թե խոսի ընդդիմության լինել-չլինելու մասին։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, ասուլիսում ասաց «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ իհարկե երկրում ընդդիմություն կա։ «Եթե նույնիսկ ընդդիմություն չլինի, դա ցավի նվազ մասն է, մենք իշխանություն չունենք, դա է ցավի մեծ մասը, ունենք խումբ, որը յուրացրել է պետական միջոցները»,- ասաց նա։
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ընդդիմությունը խորը վերլուծություններ պետք է անի, ըստ այդմ կառուցի իր գործունեությունը։
«Ժառանգության» փոխնախագահն անդրադարձավ նաեւ ընդդիմադիր դաշտը համալրող ուժերից մեկին՝ ՀՀՇ-ին։ Նա նշեց, որ երկու ՀՀՇ ունենք՝ մեկը ՀԱԿ-ի մեջ է ամփոփված, մի հատվածն էլ տարիներ շարունակ այդ անունը պահում էր, երբ նույնիսկ մոդա չէր։ Դա, նրա խոսքով, այդ կուսակցության «սկզբունքային հատվածն է»՝ Ալեքսանդր Արզումանյան, Արարատ Զուրաբյան, որոնք եղել են կուսակցության ղեկավար կազմում, բայց դուրս են մղվել այդ կուսակցությունից, իսկ այժմ վերականգնում են ՀՀՇ-ն: «Ողջունելի քայլ է, մարդիկ տարիներ շարունակ աշխատանք են իրականացրել, ներդրում են ունեցել եւ չեն ցանկանում, որ դա այդպես փորձեն ոչնչացնել, ուստի փորձում են վերականգնել ՀՀՇ կուսակցությունը։ Ընդդիմադիր դաշտի ցանկացած կուսակցության հետ «Ժառանգությունը» միշտ պատրաստ է համագործակցել»,- ասաց նա։
«Ժառանգության» ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ գազի գնի բարձրացմանը՝ նշելով, թե սա բարձրացման երկրորդ փուլն է, առաջինի մասին իշխանությունները չեն հայտնել, որովհետեւ եթե ընտրությունից առաջ հայտնեին, ոչ ոք նրանց ձայն չէր տա նույնիսկ ընտրակաշառք վերցնելու դեպքում։ Նա շեշտեց, որ գազի գնի բարձրացման արդյունքում մեր աղքատ բնակչությունը ծայրահեղ վիճակի մեջ կհայտնվի, կստեղծվի լարված իրավիճակ երկրում, իշխանություններին չի մնալու ոչինչ, քան խթանել արտագաղթը, ինչի շնորհիվ իրենք կսնվեն տրանսֆերտներից եւ կթուլացնել բնակչության ակտիվ, պայքարող զանգվածին։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























