Տարիներ շարունակ ԲՀԿ-ին ընդդիմադիր կուսակցություն դարձնելով՝ ՀԱԿ գործընկերներն ապակողմնորոշեցին ընտրազանգվածին, եղան ընտրողներ, որոնք ԲՀԿ-ին ընտրեցին որպես ընդդիմադիր ուժ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, ասուլիսում նշեց «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի շուրթերով հնչեց, որ ոչ միայն ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժ չէ, այլեւ չի կարող դառնալ այդպիսին, ինչն «ազնիվ մոտեցում էր»։
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այդ մասին ԲՀԿ-ի գործընկերները շուտ պետք է ասեին, իսկ ՀԱԿ-ի գործընկերները նման գործունեություն չպետք է իրականացնեին։ Նրա խոսքով՝ հնարավոր է, եղել են ինչ-որ շահեր, որոնք պատճառ են դարձել ՀԱԿ ապակողմնորոշող գործունեության։
Մեր դիտարկմանը, թե ի՞նչ շահերի մասին կարող է խոսք լինել, Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց, որ չգիտի, թե ինչ շահեր են, բայց ամենայն հավանականությամբ, դրանք առկա են, այլապես իմաստը որն է, մանավանդ եթե ՀԱԿ-ը պրագմատիկ քաղաքականության կողմնակից է, ինչը ենթադրում է, որ ինչ-ինչ շահեր պետք է լինեին։
Նա շեշտեց, որ ամենամեծ լակմուսի թուղթը, թե ով է ընդդիմություն, ով է պայքարում, ով՝ ոչ, նախագահական ընտրություններն էին: «Ակնհայտ դարձավ՝ ովքեր են պայքարում իշխանության դեմ, ովքեր՝ ընդդիմության: Ընդդիմադիր դաշտում գտնվելով պայքարում են ընդդիմության դեմ, տեսանք, որ նոր հոսանքներ են լինում, որոնք փորձում են սեւացնել ընդդիմադիր դաշտը»,- ասաց նա։ Մեր հարցին, թե ո՞ւմ նկատի ունեք, որ ընդդիմադիր դաշտում գտնվելով պայքարել է ընդդիմադիրների դեմ, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ դեռեւս 2009թ ակնհայտ էր ՀԱԿ-ի դիրքորոշումը «Ժառանգության» նկատմամբ։
Նա շեշտեց, որ «Ժառանգությունը» երբեւէ իշխանություն չի եղել, իրենց կուսակցությունում չկան օլիգարխներ, կոռուպցիոներներ, ընտրություն կեղծողներ։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























