Ցավում եմ կատարվածի համար, ցավակցում եմ ընտանիքի անդամներին, ոչ մեկին տրված չէ մարդու կյանքը խլելու իրավունք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ մեկանաբանելով Վանաձորում Հրանտ Մաթեւոսյանի անտառապետ եղբորորդուն սպանելու դեպքը:

«Ցավում եմ կատարվածի համար, ցավակցում եմ ընտանիքի անդամներին, ոչ մեկին տրված չէ մարդու կյանքը խլելու իրավունք: Այս պահին խորհուրդ կտայի զերծ մնալ մեկնաբանություններից, հարուցված է քրեական գործ, ընթանում է քննություն»:

Այլ հարցերի նախարարը չպատասխանեց:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Վանաձորում: Գիշերը ժամը 22:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող Գանձակ սուպերմարկետի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել:

Մեր թղթակցի տեղեկություններով` սպանվել է անտառտնտեսության Մոտկորի անտառապետ Թովմա Մաթեւոսյանը (40-50 տարեկան), ով Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդին է: Իսկ դանակահարողը, չճշտված տվյալներով, եղել է բնապահպանության տեսչության տեսուչ Տիգրան Մելիքյանը:

Թովմա Մաթեւոսյաննին դանակահարված վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, սակայն ստացած վնասվածքներից նա ճանապարհին մահացել է: Դանակահարողը դիմել է փախուստի: