Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամանագրեր է ստորագրել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ, գնդապետ Սեյրան Մարտիրոսյանը ազատվել է աշխատանքից եւ նշանակվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոր գերեզմանի մոտ, մայիսի 2-ին, հայտնաբերվել է ոստիկանության Եղվարդի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Կորյուն Հարությունյանը երեկ կեսօրին աշխատանքից դուրս է եկել եւ չի վերադարձել, չի պատասխանել նաեւ հեռախոսազանգերին: Որոշ ժամանակ անց սկսել են նրա որոնողական աշխատանքները: Փաստի առթիվ կատարվում է քննություն: Հանգամանքները պարզվում են: Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր ժամը 09.32-ին Կորյուն Հարությունյանի վարորդից տեղեկատվություն է ստացվել, որ իր ղեկավարը մայիսի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում «Նիսսան» մակնիշի 050 ՈU 03 համարանիշի ավտոմեքենայով (ծառայողական) դուրս է եկել Եղվարդի ոստիկանության վարչական շենքից եւ նրա գտնվելու վայրի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:Ոստիկանները Հրազդան քաղաքի գերեզմանատանը կայանած իր ծառայողական ավտոմեքենայում հայտնաբերել են Կորյուն Հարությունյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:Գործը քննելու է ՀՔԾ-ն:




























