Իրանից կարելի է ավելի մեծ ծավալներով գազ ստանալ, սակայն դա քաղաքական խնդիր է: Այդ մասին այսօր` մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա կարծիքով` Իրանում ուրախ կլինեն մեծացնել դեպի Հայաստան գազի մատակարարումը, քանի որ տնտեսական պատժամիջոցների պատճառով դժվարություններ ունեն: Իրանական գազն, այսպիսով, այլընտրանք կդառնա «Գազպրոմի» մատակարարումներին:

Ինչ վերաբերում է Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագնի վերանայմանը, ապա Գ. Մակարյանը դա պայմանավորեց մասամբ «ՀայՌուսգազարդի» չափից ավելի ծախսատարությամբ, բարձր աշխատավարձերով, 30-35 տոկոս շահութաբերությամբ, ու ընդհանրապես` «գերէլիտար» բնույթով:

Անդրադառնալով կառավարության կողմից գազի գնի սուբսիդավորմանը` Գ. Մակարյանը հռետորական հարց ուղղեց. «Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը»: Նրա հաշվարկով` գազի գնի թանկացման դեպքում բյուջեում 40-50 մլն դոլար լրացուցիչ հարկեր կհավաքվեն, սակայն կառավարությունը դրա փոքր մասն է ուղղում սոցիալական խավերի աջակցությանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am