Հայկական ջուրը չի ազդում «Կոկա կոլա»-ի որակի եւ համի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել են Coca-Cola Hellenic Bottlers Armenia ընկերության մենեջերները: «Չենք կարող խոսել ուրիշների փոխարեն, բայց մեր մասով կարող ենք ասել, որ մեր արտադրանքի վրա ջուրը չի ազդում, քանի որ մենք չենք օգտագործում նախնական վիճակում գտնվող ջուրը: Այն անցնում է մշակման մի քանի փուլ, այդ թվում ախտահանում եւ ապաքլորացում»,-նշել են ընկերությունում:

«Գազավորված հայրենասիրությունը», ըստ որի «բոլոր կոլաները լավն են, բայց հայկականն ամենալավն է», այս դեպքում չի գործում: «Կարող ենք ասել, որ տարածաշրջանային արտադրողների շրջանում մենք արդեն մի քանի տարի լավագույնն ենք ճանաչվում: բայց դա ոչ թե ջրի որակի շնորհիվ, այլ՝ սեփական աշխատանքի»,-վստահեցրել են ընկերության մենեջերները:

«Coca-Cola Hellenic Bottlers Armenia» ՓԲԸ-ն հիմնվել է 1995թ. եւ «Coca Cola Hellenic Bottlers» ընկերության մասնաճյուղն է, որ գործում է 28 երկրներում: Վերջին 5 տարիներին ընկերությունը արտադրության մեջ 7,5 մլրդ դրամի (մոտ 20 մլն դոլար) ներդրում է կատարել: Վերջին երկու տարիներին ընկերության տարեկան հարկային վճարումները մոտ 2,5 մլրդ դրամի սահմաններում են: