Երեւանի քաղաքապետարանի կողմից 2010-2012թթ. մրցույթի միջոցով օտարվել են 3 գետնանցման շինությունները եւ դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը (Իսահակյան, Մաշտոց, Հյուսիսային պողոտա): Այդ մասին նշված է ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ: Գործարքների արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել մոտ 2.1 մլրդ դրամ, կամ յուրաքանչյուր գետնանցումից` մոտ 700 մլն դրամ (մոտ 1.8 մլն դոլար)։
Հյուսիսային պողոտա 6/2 հասցեում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիի շինությունները եւ հողատարածքը ձեռք է բերել «Հանքաշար» ՍՊԸ-ն` պարտավորվելով 3 տարվա ընթացքում իրականացնել 3.7 մլրդ դրամի ներդրում:
Մաշտոցի պողոտայի 20/4 գետնանցումը ձեռք է բերել «Անցումմեկ» ՍՊԸ-ն, իսկ Իսահակյանի փողոցինը` «Գրեյթ Վիկտորիա» ՍՊԸ-ն:




























