«Նոր բարեկարգում» ընկերությունը 2011 թ. Իրանից ներկրել է մոտ 11 հազ. մշտադալար ծառեր եւ թփեր: Այդ մասին նշված է ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ: Ծառերն ու թփերը տնկվել են Երեւան քաղաքում: Ընդհանուր առմամբ` այդ գործարքի համար հարկատուները վճարել են մոտ 132 մլն դրամ, այսինքն` 1 ծառի (թփի) միջին արժեքը կազմել է մոտ 12 հազ. դրամ:
Համեմատության համար` այդ նույն ժամանակ Հայաստանի տնկարաններից ընկերությունը ծառեր գնել է հատը 1000 դրամով, ընդհանուր առմամբ` 5200 հատ: Այսպիսով` Իրանից ներկրված ծառերը 12 անգամ թանկ են արժեցել, սակայն տնկումից հետո դրանց 43%-ը չորացել է:
Իրանական ծառերի մեջ գերակշռել են թույաները, սակայն այդ ծառերից 1147 հատը չորացել են:
ՀՀ Վերահսկիչ պալատը նշել է, որ մշտադալար թույա ծառի տեխնիկական բնութագրով ծառի կպչողականությանը եւ աճման պայմաններին նպաստում է օդի բարձր հարաբերական խոնավությունը, ինչպես նաեւ պահանջվում է շատ խնամք: Մինչդեռ, Երեւանը գտնվում է կիսաանապատային չոր գոտում, որտեղ օդի հարաբերական խոնավությունը ցածր է:




























