Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ուսումնասիրելիս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը եզրակացրել է, որ ՊԵԿ նախագահը էթիկայի կանոններ չի խախտել, շահերի բախման իրավիճակում չի հայտնվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարույթի համար հիմք հանդիսացած դիմում ներկայացրած «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:
Նա նշեց, որ իրենց դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել, կատարվել է լուրջ ուսումնասիրություն, սակայն բացահայտել են, որ Գագիկ Խաչատրյանը էթիկայի կանոններ չի խախտել, շահերի բախման իրավիճակում չի հայտնվել:
«Հանձնաժողովը եզրակացրել է, որ մեր դիմումում ներկայացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս եզրակացնելու որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը մեր կողմից նշված ընկերությունների («Ապեյրոն» եւ «Մեգամոթորս» ) մասով գտնվել է շահերի բախման իրավիճակում: Համարվել է, որ ինքը ոչ մի գործողություն չի արել, որ շահերի բախման իրավիճակում կհայտնվեր»,-ասաց Սոնա Այվազյանը` հավելելով, որ ներկայացված 14 ընկերություններից 2-ը պատկանում է ՊԵԿ նախագահի որդիներին, 4-ը` նրա հետ փոխկապակցված անձանց: Սոնա Այվազյանի խոսքով` նույնիսկ երբ հարցը իր ընտանիքի անդամներին է վերաբերում, փաստորեն ՊԵԿ նախագահը ոչ մի գործողություն չի արել, որ շահերի բախման իրավիճակում կհայտնվեր եւ չի խախտել էթիկան:
Հանձնաժողովը նաեւ առաջարկել է, որ ցանկացած այլ դեպքում, երբ ՊԵԿ նախագահը պետք է կատարի այնպիսի գործողություն կամ ընդունի այնպիսի որոշում, որն ինքնին օրինական լինելով նպաստի, հանգեցնի իր որդիներին պատկանող երկու ընկերությունների գույքային կամ իրավական դրության բարելավմանը, կարող է հանձնաժողովի հետ քննարկել` անհրաժեշտ է հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, թե ոչ:
Սոնա Այվազյանն ասաց, որ իրենք այնքանով են համաձայն հանձնաժողովի այդ որոշման հետ, որ օրենքն ունի բաց կետեր, ինչի շրջանակներում պաշտոնյան մանեւրելու հնարավորություն է ունեցել:
Հիշեցնենք, որ Էթիկայի հանձնաժողովը ՊԵԿ-ի նախագահի նկատմամբ վարույթ էր հարուցել «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա, որում, վկայակոչելով մամուլի հրապարակումները, «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ»-ը հայտնում էր, որ Գագիկ Խաչատրյանին են պատկանում հաշվիչ դրամարկղային կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, նրա անվան հետ են կապվում նաեւ սննդամթերքի ներկրմամբ զբաղվող «Ապեյրոն», «Մեգաֆուդ» ընկերությունները, «Գալաքսի» սուպերմարկետը եւ նույն անունով հացի գործարանը, «Մեգամոթորս» ընկերությունը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ սրահը, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ, արբանյակային հեռարձակում ապահովող «Յուքոմ» ընկերությունը, Ամասիայի կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը: Փաստորեն, կողմերը տվյալ պարագայում «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ»-ն ու ՊԵԿ-ն են:
Նշենք, որ էթիկայի հանձնաժողովը ՊԵԿ-ի նախագահի նկատմամբ վարույթ հարուցելու մասին որոշում էր կայացրել ապրիլի 13-ին, եւ քանի որ օրենքը մեկամսյա ժամկետ է սահմանում այն ավարտելու համար, ապա առավելագույնը մայիսի 13-ին Հանձնաժողովը պետք է կայացներ որոշումը:
Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքի 44 հոդվածի 4-րդ կետի համաձայն, «Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ եզրակացությունը եւ դրա հիման վրա համապատասխան պետական մարմնի լիազոր անձի որոշումը, եթե այդպիսին առկա է, տվյալ որոշումը կայացնելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է տվյալ պետական մարմնի կայքում»:




























