«Բարգավաճ Հայաստըան» կուսակցության պատգամավոր Արագած Ախոյանը հերքում է իր` ֆինանսական խնդիրներ ունենալու եւ բնակարանային սկանդալի կենտրոնում հայտնվելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր ընկերություններից մեկը` «Հայկարշինը» Նաիրա Զարյան  փողոցի վրա շենք է կառուցում, որն արդեն ավարտական փուլում է, աշխատանքների 10 տոկոսն է մնացել:  «Ոչ մի խնդիր չկա եւ չի եղել, ուղղակի աբսուրդ է այդ ամենը, անհեթեթություններ են այդ խոսակցությունները»,- նշեց նա: Պատգամավորն ասաց, որ ընկերությունը որեւէ ֆինանսական խնդիր չունի, տարիներ ի վեր նորմալ աշխատել է, այսօր եւս լուրջ պատվերներ ունի Ջերմուկում, Գյումրիում, Մայր Աթոռից: 

Պատգամավորը տեղեկացրեց, որ «Հայկարշինը» Նաիրի Զարյան փողոցի վրա կառուցվող շենքը գրավ է դրել «Յունիբանկում», որտեղից ստացել է անհրաժեշտ գումար` աշխատանքնրը ավարտին հասցնելու համար: Շենքի ոչ բոլոր բնակարաններն են վաճառվել:«Այսօր նման պորյեկտներ անողները բոլորն էլ աշխատում են բանկերի հետ` լինի մեծ,թե փորք, ոչ մի պրոբլեմ բանկերի, հաճախորդների հետ չունենք»,- ասաց Արագած Ախոյանը:

Նա նշեց, որ այդ ոլորտում շատ-շատերը ժողովրդի հետ վատ ձեւով են վարվել, մի տունը մի քանի հոգու են վաճառել, վերցրել են գումարները եւ անհետացել, այդ ամենը բացասական ազդեցություն է ունենում ոլորտի զարգացման վրա, քանի որ եթե նախկինում մարդիկ վստահում էին, այժմ չեն վստահում:

ԲՀԿ-ական պատգամավորը չի զրուցել իր նախկին գործընկեր Աշոտ Տոնոյանի հետ, ով  «գցել է» մի շարք մարդկանց, նրանցից գումարներ է վերցրել, բնակարանները վաճառել իրենց, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով այժմ այդ քաղաքացիների բնակարանները անցել են «Արցախ» բանկին, որտեղից ընկերությունը վարկ էր վերցրել: Նա նշեց, որ չի խոսել վերջինիս հետ այդ թեմայով, ընդհանրապես չի խառնվում ուրիշների գործերին, եթե կարողանում է, օգնում է, չի կարողանում, չի խառնվում:

Նա նաեւ հերքեց, թե իր բնակարանային բիզնեսի հետ կապված լուրջ խոսակցություն է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, «նա չի զբաղվում մեր անձնական խնդիրներով»: «Պարոն Ծառուկյանը բոլորին օգնում է, գիտեք` սարի պես կանգնած է բոլորի մեջքին, բայց նման խոսակցություն չի եղել եւ չի էլ կարող լինել, որովհետեւ նման խնդիր չկա: Գիտե՞ք ինչքան վիրավորական է, թե պարոն Ծառուկյանը խնդիր է դրել, իբր ես մանդատս կհանձնեմ, կգնամ Դիաբեքիրի ավագանիում մանդատ կստանամ, սա ցինիկ արտահայտություն է: Այո, ես գնում եմ եւ Դիարբեքիր, եւ Մուշ, եւ Վան տարեկան մի քանի անգամ, լավ ճանաչում եմ բոլորին, եթե ունենամ, այդ թվարկած բոլոր քաղաքներում եւ մեր Արեւմտյան Հայաստանում ամեն ինչ, ամեն լավ պայման կգտնվի, շատ լավ է, որ նման հեռանկարային բաներ են տեսնում, որ մի օր մեր պատմական հայրենիքում մենք մեր տեղը կունենանք, նաեւ մանդատներ կունենանք: Սկզբից Արեւմտյան Հայաստանը ունենանք, հետո նոր մանդատ կունենանք»,- ասաց պատգամավորը:

Մի փոքր մտածելուց հետո պատգամավորը նշեց, որ հրաշալի առաջարկ են արել, եթե իմանա, որ Դիարբեքիրի մանդատ կստանա, շենքի չի ավարտի. «Երեւի այդ շենքը չավարտեմ, որ Դիաբեքիրի մանդատ ստանամ»,-կես կատակ, կես լուրջ ասաց պատգամավորը:

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, թե ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանի էլիտար շենքերի սկանդալը չավարտված՝ նոր պատմություն է ծնվել: Բայց այս անգամ սկանդալի գլխավոր հերոսն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանն է:

Թերթի աղբյուրները փոխանցում են, որ նա եւս էլիտար շենքերի շինարարությամբ է զբաղվում եւ դարձյալ ֆինանսական խնդիրներ ունի: Մեր տեղեկություններով՝ օրերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շինարարությամբ զբաղվող ԲՀԿ-ականներին նախատել է. «Ձեր պատճառով մարդիկ չպետք է տուժեն: Ձեր երեսից ես չպիտի անհարմար իրավիճակում հայտնվեմ»: Իսկ անձամբ Ախոյանին ԲՀԿ ղեկավարը երեք ամիս ժամանակ է տվել` շենքի շինարարությունն արագ ավարտին հասցնելու համար: Ու քանի որ Ախոյանը նաեւ Արեւմտյան Հայաստանի խնդիրներով է ակտիվորեն զբաղվում, Ծառուկյանը կուսակցին զգուշացրել է՝ իր սահմանած եռամսյա ժամկետը խախտելու դեպքում ԱԺ պատգամավորի մանդատի փոխարեն կստանա Դիարբեքիրի ավագանու մանդատ: