Մայիսի 15-ի երեկոյան բնապահպանության տեսչության տեսուչ Տիգրան Մելիքյանի կողմից անտառտնտեսության Մոտկորի անտառապետ Թովմա Մաթեւոսյանին սպանելու դեպքի վերաբերյալ անտառապահները չեն ցանկանում խոսել:
Մոտկորի անտառապահներից Մելիքը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միջադեպի օրը Թովմա Մաթեւոսյանի հետ չի եղել, եւ չգիտի` վերջինս Տիգրան Մելիքյանի հետ որեւէ խնդիր, վիճաբանություն ունեցել է, թե ոչ: «Այդ օր ես Թովմային չեմ տեսել, հեռախոսով եմ ընդամենը խոսել գործից»,- ասաց նա` հավելելով, որ Տիգրան Մելիքյանին չի տեսել եւ չգիտի, թե Թովմա Մաթեւոսյանը կոնֆլիկտ ունեցել է բնապահպանության տեսչության հետ, թե ոչ: Հարցին, թե ձեր մոտ ապօրինի անտառահատման դեպքեր եղել են, տեսչությունը եկել է ստուգումների, թե ոչ, նա պատասխանեց, որ ոչ, իրենց մոտ նման դեպք չի եղել, բայց տեսչությունը, անկախ հատումներից, գարնանը եւ աշնանը գալիս է ստուգումների: «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչի պատճառով է նման դեպք եղել, ամեն մեկը մի բան է ասում, ինչ իմանաս` ինչ է եղել»,- նշեց նա:
Իսկ Ահնիձորի գյուղապետ Վանիկ Քառյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թովմա Մաթեւոսյանը ամուսնացած է, ունի երկու երեխա, փոքրը 3-4 ամսական է: Գյուղապետը նշեց, որ նա արդեն 7-8 տարի է` գյուղում չի ապրում, տեղափոխվել է Վանաձոր: Դեպքի հետ կապված գյուղապետը եւս մանրամասներ չհաղորդեց: Նա նշեց, որ Տիգրան Մելիքյանին չի ճանաչում, երբեւէ չի լսել նրանց հարաբերությունների մասին: Վանիկ Քառյանն ասաց, որ չի կարծում, թե միջադեպը անտառի, ապօրինի փայտանյութ դուրս բերելու հետ կապված լինի: «Անտառի հետ չեն կապում միջադեպը, չգիտեմ ինչի հետ են կապում: Ամեն մեկը մի բան է ասում, մարդիկ են էլի խոսում են»,- ասաց Վանիկ Քառյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Վանաձորում: Գիշերը ժամը 22:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող Գանձակ սուպերմարկետի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել: Սպանվել է անտառտնտեսության Մոտկորի անտառապետ Թովմա Մաթեւոսյանը (40-50 տարեկան), ով Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդին է: Իսկ դանակահարողը, չճշտված տվյալներով, եղել է բնապահպանության տեսչության տեսուչ Տիգրան Մելիքյանը: Թովմա Մաթեւոսյաննին դանակահարված վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, սակայն ստացած վնասվածքներից նա ճանապարհին մահացել է: Դանակահարողը դիմել է փախուստի:
Լոռիի մարզի բնապահպանական տեսչության պետ Արմեն Լապլաջյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, թե Տիգրան Մելիքյանը եւ Թովմա Մաթեւոսյանը որեւէ անձնական խնդիր երբեւէ չեն ունեցել, իսկ միջադեպը բնապահպանության տեսուչի աշխատանքի հետ է կապված եղել: Ոստիկանության Թումանյանի բաժնից Լոռիի բնապահպանական տեսչություն գրություն է ուղակվել 4 մեքենա (3 «Ֆորդ» եւ 1 «Զիլ» մակնիշի մեքենա) փայտանյութ ապօրինի անտառից դուրս բերելու դեպքի մասին: Դրանից հետո իրենց 4 տեսուչները, այդ թվում` նաեւ Տիգրան Մելիքյանը, գնացել են Մոտկորի անտառ, որպեսզի ուսումնասիրություն կատարեն, չափագրեն, լուսանկարեն: Նա նշեց, որ շուրջ մեկ շաբաթ նրանք գնացել, եկել են, որպեսզի անտառի աշխատակիցները ցույց տան, թե որտեղ են հատվել ծառերը, սակայն ցույց չէին տալիս` պատճառաբանելով, թե չգիտեն, տեղը չեն հիշում:
«Մերոնք գնացել են, որպեսզի տարածքը զննեն, իրենք էլ ասել են, թե չգիտենք, մերոնք էլ ասել են` կոնկրետ տեղն իմացեք, որ անընդհատ չգանք, գնանք: Հետո լսել եմ, որ այդ ընթացքում, երբ չեն տարել տարածքը ցույց տվել, թեթեւակի վիճաբանություն է եղել երկուսի միջեւ, բայց ոչ թե հրմշտոց, քաշքշուկ, այլ ընդամենը խոսակցություն, որ հերիք է, տանում եք, բերում եք, մենք էլ զբաղված մարդ ենք»,- պատմել էր տեսչության պետը: Ավելի ուշ տեսչության պետն իմացել է, որ մայիսի 15-ի երեկոյան Թովմա Մաթեւոսյանը Տիգրան Մելիքյանին կանչել է` հարաբերությունները պարզելու նպատակով: Նա պատմել է, որ իրենց տեսուչը մենակ է գնացել այդ հանդիպմանը, իսկ անտառապետը եկել էր իր մի քանի գործընկերների հետ, որոնք, ասում են, որ փորձում էին հարթել վիճաբանությունը, բաժանել նրանց: «Ոչ ոք չգիտի, թե դա ում ձեռքի գործն է, միգուցե ինքն է իրեն վնասել այդ խառնաշփոթի ընթացքում, չէ՞ որ դա էլ վարկած է, բոլորը խոսում են այդ մասին, ասում են` կարող է ինքն է իրեն վնաս տվել, ընդհանրապես անտառ մտնող մարդը միշտ կուզենա իր մոտ մի բան ունենա, որ կարողանա իրեն պաշտպանի, կարո՞ղ է իր ձեռքին է եղել գործիքը, ո՞վ կարող է ասել, մինչեւ քննությունը վերջնական չպարզի»,- ասել է նա:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am




























