Հայաստանի հանրապետության կառավարության նոր ծրագրից, որն ուղարկվել է ՀՀ Ազգային Ժողով, դուրս է մնացել նոր ատոմակայան կառուցելու մասին կետը:

Փոխարենը նշվել է գործող ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի անվտանգության աստիճանի բարձրացման ու շահագործման ժամկետի երկարաձգման մասին:

Նշենք, որ ավելի վաղ հաստատված ծրագրով գործող ատոմակայանը պետք է կանգնեցվեր 2017 կամ 2018 թ. սակայն այդ ժամանակ նոր ատոմակայանը պետք է արդեն կառուցված լիներ:

2010 թ. օգոստոսի 20-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագրի համաձայն՝ նոր ատոմակայնի միջուկային կղզյակը պետք է կառուցի «Ռոսատոմը»: Համաձայնագրով նախատեսվում էր Հայաստանի տարածքում, ԱԷԿ-92 նախագծի համաձայն, 1060 ՄՎտ հզորությամբ ջրային էներգետիկ ռեակտորով, 60 տարվա շահագործման ժամկետով, Եվրոպական շահագործող կազմակերպությունների ակումբի (EUR) չափանիշների համապատասխան սերտիֆիկացված նոր միջուկային էներգաբլոկների կառուցում: