Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ մայիսի 18-ին, խորհրդակցության էր հրավիրել Գյուղատնտեսության աջակցության հանրապետական եւ մարզային կենտրոնների ղեկավարներին: Օրակարգում անբարենպաստ եղանակային պայմանների եւ կարկտահարության հետեւանքով ոլորտում ստեղծված լարված իրավիճակի, աղետից տուժած տնտեսություններին հնարավորինս օժանդակելու եւ տարվա համար նախատեսված տնտեսական ցուցանիշների ապահովման լրացուցիչ հնարավորություններ փնտրելու հարցերն էին:

Ներկայացնելով կառավարության կողմից նախարարությանը տրված հանձնարարականները եւ վերջիններիս շրջանակներում մարզային կառույցներից ակնկալվող նորովի աշխատանքը, նախարարը նշել է. «Առանձին համայքներում արձանագրված բերքի կորուստն ու ստեղծված դժվարին պայմանները չպետք է անդրադառնան տարվա ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա: Առաջնահերթ խնդիր է հետեւողական աշխատանքի եւ առկա ներուժի նպատակային օգտագործմամբ հասնել նախատեսված ցուցանիշների ապահովմանը: Մանավանդ, որ դրա համար անհրաժեշտ նախադրյալներ մենք արդեն ստեղծել ենք»,- ասել է նա, վերջիններիս շարքում մասնավորապես կարեւորելով ընթացիկ տարում 21.5 հազար հա-ով ցանքատարածությունները եւ 13%-ով անասնագլխաքանակն ավելացնելու փաստերը:

Նա մասնակիցների ուշադրությունը հրավիրել է նաեւ տեղում իրավիճակին անբողջովին տիրապետելու, անհրաժեշտ եւ հավաստի տեղեկատվությամբ նախարարությանն ապահովելու, նոր , լրացուցիչ ծառայություններով արտաբյուջետային միջոցներն ավելացնելու եւ նման օրախնդիր այլ հարցերի վրա:

«Դուք, որպես պետության ներկայացուցիչ, պետք է ոչ միայն շարունակաբար լինեք գյուղացու կողքին, այլեւ ձեր մասնագիտական խորհրդատվությամբ օգնեք նրան ժամանակին եւ հնարավորինս արդյունավետորեն լուծել իր առջեւ ծառացած խնդիրները: Հիշե'ք, որ օրվա պահանջը, ոչ թե կատարված աշխատանքն է, այլ` վերջինիս արդյունքը»,- ասել է նախարարը

Շահագրգիռ քննարկման ընթացքում ԳԱՄԿ-երի տնօրենները հավաստիացրել են, որ հաշվի առնելով տարվա դժվարություններն ու յուրահատկությունը, կարվի ամեն ինչ տարվա համար նախատեսված ծրագրերն անբողջությամբ իրականացնելու համար:

Խորհրդակցության ավարտին նշվեց նաեւ, որ մասնակիցների աշխատանքի գնահատականը պետք է տրվի տարեվերջին, ըստ նրանց ցուցաբերած աշխատանքի արդյունավետության: