Մինչ կառավարության շենքի մոտ հավաքված ակտիվիստները հերթապահում էին կառավարության բոլոր մուտքերի մոտ՝ փորձելով հանդիպել աշխատավայրից դուրս եկող վարչապետ Տիգրան Սարգսյանին, նա շենքը լքել է ֆինանսների նախարարության մուտքից:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին բողոքի ակցիայի կազմակերպիչները, այս պահին կազմվում է հայտարարության տեքստ, հետեւյալ վերնագրով. «Փնտրվում է վարչապետ Տիգրան Սարգսյանը»:
Ակցիայի մասնակիցները կամաց հեռանում են կառավարության շենքից, քանի որ վարչապետն արդեն գնացել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը պետք է այսօր լիներ, սակայն ծնողները որոշել էին Երեւան բերել իրենց որդու դին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից իրական պատճառը լսելու, ինչպես նաեւ մտադիր էին կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնել:
Ճանապարհին՝ Երեւան-Սեւան մայրուղում նրանց ճանապարհը փակել են զինվորականներն ու ոստիկանները եւ նրանց ու սպանված զինվորի հարազատների միջեւ բախում է տեղի ունեցել: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել են, որ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել են նրանց մեքենաները:
Հարազատների հետ հանդիպման են գնացել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն ու զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, ովքեր զրուցել են զինվորի հարազատների հետ: Վերջիններս փորձել են սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներին համոզել, որ Երեւան չգան, հետ վերադառնան եւ վստահեցրել, որ սպանությունը կբացահայտվի:
Բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, սպանված զինվորի ծնողները որոշել են հետ վերադառնալ:
Միաժամանակ բողոքի ակցիա է սկսվել նաեւ կառավարության շենքի դիմաց, որի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Դ.Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























