Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր եւ ամբողջ հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորել է ազգային բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ եւ մաղթել առողջություն, երկար տարիների երջանիկ կյանք:

«Դուք փայլուն շարունակողն եք բարեգործության այն լավագույն ավանդույթների, որոնք եղել են եւ կան հայ իրականության մեջ: Տարբեր ժամանակներում եւ պայմաններում Դուք կարողացել եք ստանձնել պատասխանատվություն եւ իրականացնել ազգանպաստ եւ հայրենանվեր ծրագրեր: Ձեր ծանրակշիռ հանձնառություններով, տեւական եւ արգասաբեր գործունեությամբ արժանիորեն վաստակել եք մեծ հեղինակություն թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: