Ընտրությունը հերթական անգամ գողացած ապօրինի իշխանությունը կապ չունի ոչ իրավունքի, ոչ պատասխանատվության, ոչ բարոյականության հետ: Այդ մասին այսօր` մայիսի 19-ին «Անի» հյուրանոցում ընթացող քաղաքացիական ժողովին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Այսօր իրավունքից, բարոյականությունից եւ պատասխանատվությունից դուրս գործող իշխանությունը պետք է հասկանա, որ ուղղակի կապ կա փետրվարի 18-ի եւ շարունակվող արտագաղթի միջեւ»,- նշել է նա եւ հավելել. «Եթե այսօր ունենայինք դե-յուրե ընտրված իշխանություն, մարդիկ հարկադրված չէին լինի հեռանալ, Լյուքս Ստեփանյանը կենդանի կլիներ: Թող ոչ մեկ չասի, թե Լյուքսի եւ մյուս զոհերի առկայությունը կապ չունի փետրվարի 18-ի ստի եւ կեղծիքի հետ: Ուղիղ կապ ունի»:

Հովհաննիսյանը նշել է, թե պատրաստ չէ միանյակ իր լայն ուսերի վրա վերցնել պատասխանատվությունը, այո պետք է համախմբում: «Իշխանությունը պետք է վերցնի ժողովուրդը` իր մասնակցությամբ ի մի բերելով մեր բոլոր ցավերն ու պահանջները: Քայլեր պիտի սկսենք անմիջապես, բոլոր մարզերում, շրջկենոտրոնում, Սփյուռքում եւ Արցախում: Կազմակերպված ուժ պիտի տանք քաղաքացիական եւ ազգային մեր շարժմանը»,- նշել է նա եւ հավելել. «Պայքարը լինելու է հետեւողական, եւ լինելու է հաղթանակ: Իսկ դրա համար պետք ունենք նվիրյալ, հանձնառու քաղաքացիներ»:

Նա նաեւ նշել է, թե աշնանը մեծ հավաք է լինելու, իսկ մինչ այդ ամենօրյա աշխատանք են տանելու: